Տեխնոլոգիական առաջընթացի և մարդու իրավունքների պաշտպանության միջև ճիշտ հավասարակշռություն գտնելու մարտահրավերը գնալով ավելի հրատապ է դառնում, քանի որ նորարարությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են աննախադեպ արագությամբ։ Այս համատեքստում Հայաստանը կարևոր քայլ է կատարել՝ ձևավորելու արհեստական բանականության (ԱԲ) իրավական դաշտը։

2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությունից հետո, 2026 թվականի հունվարի 27-ին Հայաստանը ստորագրեց «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» շրջանակային կոնվենցիան («Կոնվենցիա»)։

Կոնվենցիայի նպատակն է ապահովել, որ ԱԲ համակարգերի մշակումը, ներդրումը և օգտագործումը համապատասխանեն մարդու հիմնարար իրավունքներին, ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայության սկզբունքներին։ Այն սահմանում է համընդհանուր սկզբունքներ, ինչպիսիք են մարդկային արժանապատվությունը, թափանցիկությունը, հավասարությունը և հաշվետվողականությունը, որոնք անդամ պետությունները պետք է կիրառեն ԱԲ համակարգերի հետ կապված գործընթացներում։

Կոնվենցիայի հիմնական սկզբունքների թվում են՝

  • Մարդու իրավունքների պաշտպանությունը. ԱԲ համակարգերը պետք է հարգեն մարդու հիմնարար իրավունքները՝ ապահովելով արդարություն, հավասարություն և խտրականության բացառումը։
  • Թափանցիկություն և վերահսկողություն. Անդամ պետությունները պետք է ապահովեն բավարար թափանցիկություն և արդյունավետ վերահսկողություն ԱԲ համակարգերի ամբողջ կյանքի ցիկլի ընթացքում։

Կարևոր է նշել, որ Կոնվենցիան չի կիրառվում ազգային անվտանգության, պաշտպանության, ինչպես նաև գիտահետազոտական և զարգացման գործունեության ոլորտների նկատմամբ։

Վավերացումից հետո Հայաստանը նորարարության զարգացմանը զուգընթաց պետք է ապահովի մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանությունը։ Կոնվենցիան պետություններին տալիս է ճկունություն՝ ընդունելու համապատասխան օրենսդրական, վարչական կամ այլ միջոցառումներ։ Կամ որպես այլընտրանք, պետությունները կարող են Կոնվենցիայի սկզբունքներն ու պարտավորությունները կիրառել անմիջապես մասնավոր սուբյեկտների գործունեության նկատմամբ։

Ազդեցությունը Հայաստանի բիզնեսների վրա

Հայաստանի արագ զարգացող ԱԲ էկոհամակարգում գործող ընկերությունների համար կարևոր է վաղ իրազեկումը և ակտիվ հարմարվողականությունը։

Արհեստական բանականության համակարգեր մշակող կամ կիրառող բիզնեսներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել հետևյալին․

  1. Համապատասխանությունը մարդու իրավունքների չափանիշներին. ԱԲ լուծումները պետք է մշակվեն և կիրառվեն այնպես, որպեսզի բացառվեն խտրականությունը, կողմնակալությունը և անձնական կյանքի գաղտնիության կամ այլ հիմնարար իրավունքների նկատմամբ անօրինական միջամտությունները։
  2. Ռիսկերի գնահատում. ԱԲ համակարգերի շարունակական գնահատումը՝ դրանց համապատասխանությունը էթիկայիև իրավական սկզբունքներին ապահովելու նպատակով, կդառնա ավելի կարևոր։
  3. Գլոբալ շուկայի առավելություն. ԱԲ միջազգային չափանիշներին համապատասխանությունը բարձրացնում է ընկերության վստահելիությունը և նպաստում է միջսահմանային համագործակցություններին։

ԷլՈւայ իրավաբանական գրասենյակի դերը

ԷլՈւայ իրավաբանական գրասենյակն աջակցում է բիզնեսներին՝ ԱԲ-ի հետ կապված գործունեության ոլորտում համապատասխանության ապահովման և ռիսկերի կառավարման հարցերում։ Հենվելով հայկական իրավունքի, միջազգային իրավական կարգավորումների և տեխնոլոգիական կարգավորման ոլորտում հարուստ փորձառության վրա ՝ մենք տրամադրում ենք խորհրդատվություն, որը հնարավորություն է տալիս խթանել նորարարությունը՝ միաժամանակ ապահովելով իրավական համապատասխանություն։