Մտավոր սեփականությունը բիզնեսի կարևոր ակտիվ է, որը կարող է ապահովել մրցակցային առավելություն և ստեղծել առևտրային արժեք։ Դրա արդյունավետ իրավական պաշտպանությունը կարող է նպաստել ներդրումների ներգրավմանը, նոր շուկաներ մուտք գործելուն և գործարար գործընկերությունների զարգացմանը։
Մտավոր սեփականության պաշտպանությունը ընկերության իրավական ռազմավարության մեջ ներառելը թույլ է տալիս հստակեցնել իրավունքների պատկանելությունը, կանխել չարտոնված օգտագործումը, նվազեցնել իրավական ռիսկերը և իրացնել մտավոր սեփականության առևտրային ներուժը՝ նպաստելով բիզնեսի կայուն զարգացմանը։
Մտավոր սեփականության պաշտպանությունը
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է մտավոր սեփականության տարբեր օբյեկտների, այդ թվում՝ ապրանքային նշանների, հեղինակային իրավունքի օբյեկտների, գյուտերի և մտավոր սեփականության այլ օբյեկտների իրավական պաշտպանության մեխանիզմներ։ Կիրառելի իրավական պահանջները, գրանցման ընթացակարգերը և պաշտպանության ծավալը կախված են մտավոր սեփականության օբյեկտի տեսակից և դրա նկատմամբ իրավունքների ձեռքբերման առանձնահատկություններից։
Օրինակ՝ ապրանքային նշանի գրանցումը ապահովում է ապրանքային նշանի իրավական պաշտպանությունը՝ այն ապրանքների և ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցվել է։ Հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման փաստի ուժով՝ առանց գրանցման պարտադիր պահանջի։ Գյուտի արտոնագրային պաշտպանություն ստանալու համար անհրաժեշտ է բավարարել արտոնագրաունակության սահմանված պահանջները և պահպանել օրենքով նախատեսված ընթացակարգերը։
Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանության կարևոր բաղադրիչ է նաև այդ իրավունքների պատկանելության հստակեցումը։ Կազմակերպությունը պետք է նախապես որոշակիացնի, թե ում են պատկանում հիմնադիրների, աշխատղների, ծառայություններ մատուցողների կողմից ստեղծված մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները՝ ապահովելով այդ իրավունքները հստակ փաստաթղթավորումը և համապատասխանությունը կիրառելի իրավական պահանջներին։
Ապրանքային նշանի իրավական պահպանությունը
Բրենդը կարող է լինել ընկերության ամենաարժեքավոր առևտրային ակտիվներից մեկը՝ նպաստելով շուկայում դրա տարբերակմանը, ճանաչելիության ձևավորմանը և մրցակցային առավելության ապահովմանը։ Նոր բիզնես, ապրանք կամ ծառայություն շուկա ներկայացնելուց առաջ կարևոր է գնահատել նախատեսվող ապրանքային նշանի գրանցման հնարավորությունը և իրականացնել նախնական որոնում՝ պարզելու, թե արդյոք այն նույնական կամ շփոթության աստիճանի նման չէ ավելի վաղ գրանցված կամ հայտարկված ապրանքային նշաններին։ Ապրանքային նշանները կարող են ներառել ոչ միայն բառեր, տառեր, պատկերներ և եռաչափ պատկերներ, այլև հոլոգրամներ, գույներ կամ գույների համակցություններ, կոմպոզիցիաներ, ինչպես նաև ձայնային ազդանշաններ։
Ապրանքային նշանի գրանցումը դրա նկատմամբ իրավական պաշտպանություն ապահովելու հիմնական միջոցներից մեկն է։ Հայաստանում գրանցված ապրանքային նշանի իրավական պաշտպանությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և ինքնաբերաբար չի ապահովում պաշտպանություն այլ երկրներում։
Հետևաբար, միջազգային շուկաներ մուտք գործել նախատեսող կազմակերպությունները պետք է դիտարկեն ապրանային նշանների գրանցման տարբերակները, ներառյալ ինչպես առանձին երկրներում ազգային հայտերի ներկայացումը, այնպես էլ Մադրիդյան համակարգի միջոցով միջազգային գրանցման դիմելը։
Հեղինակային իրավունի պաշտպանությունը
Հեղինակային իրավունքի պաշտպանությունը կարևոր նշանակություն ունի հատկապես տեխնոլոգիական ընկերությունների, ծրագրային ապահովման մշակողների, ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչների և հրատարակիչների համար։ Ծրագրային ապահովումը, գրաֆիկական դիզայնը, լուսանկարները, գրավոր նյութերը և այլ ստեղծագորխական աշխատանքները կարող են լինել հեղինակային իրավունքի օբյելկտներ՝ համապատասխան իրավական պահանջներին համապատասխանելու դեպքում։
Ստեղծագործության ստեղծման դիմաց վճարումը ինքնին չի նշանակում, որ դրա նկատմամբ բացառիկ գույքային իրավունքներն ինքնաբերաբար փոխանցվում են պատվիրատուին։ Հետևաբար, պայմանագրերում անհրաժեշտ է հստակ սահմանել հեղինակային իրավունքի օբյեկտների նկատմամբ գույքային իրավունքների պատկանելությունը, դրանց փոխանցման պայմանները, ինչպես նաև օգտագործման թույլատրելի եղանակներն ու սահմանները։ Կարևոր է, որ պայմանագրային կարգավորումները պատվիրատուին ապահովեն բիզնեսի նպատակների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներով՝ ներառյալ ստեղծագործությունների վերարտադրման, փոփոխման, տարածման և առևտրային նպատակներով օգտագործման հնարավորությունը՝ կիրառելի օրենսդրության և պայմանագրի պայմանների շրջանակում։ Իրավունքների պատշաճ ձևակերպումն ու պաշտպանությունը նպաստում են իրավական անորոշությունների նվազեցմանը, հնարավոր վեճերի կանխարգելմանը և ընկերության մտավոր սեփականության օբյեկտների արդյունավետ օգտագործմանը։
Առևտրային գաղտնիքի պաշտպանությունը
Տեղեկատվությունը առևտրային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար: Առևտրային գաղտնիքները կարող են ներառել գաղտնի ֆինանսական տվյալներ, արտադրական գործընթացներ, բանաձևեր, ալգորիթմներ, ծրագրային ապահովում, հաճախորդների ցուցակներ, գնագոյացման ռազմավարություններ, մարքեթինգային պլաններ և այլն:
Առևտրային գաղտնիքի արդյունավետ պաշտպանությունը ներառում է տեղեկատվության գաղտնիության պահպանմանն ուղղված հստակ կազմակերպական, իրավական և տեխնիկական միջոցների կիրառումը։ Կազմակերպությունները պետք է սահմանեն, թե որ տեղեկատվությունն է գաղտնի, սահմանեն դրա հասանելիության և օգտագործման կանոնները, կիրառեն համապատասխան տեխնիկական անվտանգության միջոցներ և վերահսկեն տեղեկատվության տրամադրումն ու փոխանցումը՝ կանխելով չարտոնված հասանելիությունը, օգտագործումը կամ բացահայտումը։
Այս միջոցառումների համակցված կիրառումը նպաստում է առևտրային գաղտնիքի պաշտպանությանը, և գաղտնի տեղեկատվության ապօրինի յուրացման, օգտագործման կամ բացահայտման հետ կապված ռիսկերի նվազեցմանը։
Մտավոր սեփականության օբյեկտի լիցենզա
Կախված մտավոր սեփականության օբյեկտի բնույթից և բիզնեսի նպատակներից՝ կազմակերպությունները կարող են տրամադրել տեխնոլոգիաների, ծրագրային ապահովման, ապրանքային նշանների և մտավոր սեփականության այլ օբյեկտների օգտագործման իրավունքներ՝ լիցենզային պայմանագրերի հիման վրա։
Լիցենզային պայմանագրի իրավական առումով հստակ և ամբողջական ձևակերպումը կարևոր նշանակություն ունի կողմերի իրավունքների և պարտավորությունների հստակեցման, առևտրային շահերի պաշտպանության և հնարավոր վեճերի կանխարգելման համար։ Պայմանագիրը պետք է հստակ սահմանի տրամադրվող իրավունքների շրջանակը, լիցենզիայի գործողության ժամկետը և տարածքային սահմանները, դրա բացառիկ կամ ոչ բացառիկ բնույթը, թույլատրված օգտագործման եղանակները, լիցենզային վճարների չափն ու վճարման կարգը, ինչպես նաև ենթալիցենզիա տրամադրելու հնարավորությունը։ Կարևոր է հստակ տարբերակել մտավոր սեփականության իրավատիրոջը պատկանող իրավունքները լիցենզառուին տրամադրվող օգտագործման իրավունքներից՝ բացառելով դրանց ծավալի և իրականացման պայմանների վերաբերյալ անորոշությունները։
Մտավոր սեփականության խախտում և վեճերի կանխարգելում
Մտավոր սեփականության իրավունքների խախտումը կամ դրանց չարտոնված օգտագործումը կարող է հանգեցնել կազմակերպության ֆինանսական կորուստների, գործարար համբավի վնասման և բնականոն գործունեության խաթարման։ Մտավոր սեփականության հետ կապված վեճերը կարող են ծագել տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ ապրանքային նշանների կամ հեղինակային իրավունքի խախտման, ծրագրային ապահովման չարտոնված օգտագործման, լիցենզային պայմանագրերի պայմանների չկատարման, ինչպես նաև առևտրային գաղտնիքների ապօրինի ձեռքբերման, օգտագործման կամ բացահայտման հետևանքով։
Այս ռիսկերը նվազեցնելու համար կարևոր է նախապես սահմանել մտավոր սեփականության օգտագործման հստակ պայմաններ, պատշաճ կերպով կարգավորել պայմանագրային հարաբերությունները, պարբերաբար վերահսկել մտավոր սեփականության օբյեկտների օգտագործումը և ձեռնարկել անհրաժեշտ գաղտնիության ու տեղեկատվական անվտանգության միջոցներ։ Նման մոտեցումը նպաստում է մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը, հնարավոր խախտումների կանխարգելմանը և կազմակերպության առևտրային շահերի պահպանմանը։
Հնարավոր խախտման հայտնաբերման դեպքում հետագա գործողությունների ընտրությունը կախված է մտավոր սեփականության օբյեկտի բնույթից, իրավունքների իրավական հիմքերից, առկա ապացույցներից և կիրառելի օրենսդրության պահանջներից։ Կոնկրետ հանգամանքներից ելնելով՝ իրավունքների պաշտպանության միջոցները կարող են ներառել բանակցություններ, խախտումը դադարեցնելու վերաբերյալ պաշտոնական ծանուցումները, պայմանագրային պաշտպանության միջոցների կիրառումը, վարչական կամ դատական կարգով իրավունքների պաշտպանություն։
Ի՞նչպես կարող է ԷլՈւայ իրավաբանական գրասենյակն օգնել ձեզ
ԷլՈւայ իրավաբանական գրասենյակն առաջարկում է իրավաբանական աջակցություն մտավոր սեփականության ոլորտում՝ օգնելով կազմակերպություններին արդյունավետորեն պաշտպանել, կառավարել և առևտրայնացնել իրենց մտավոր սեփականության օբյեկտները։
Մտավոր սեփականության ոլորտի մեր իրավաբանական ծառայությունները ներառում են.
- Մտավոր սեփականության ռազմավարություն և ռիսկերի գնահատում. Մտավոր սեփականության պաշտպանության ռազմավարությունների մշակում և մտավոր սեփականության ստեղծման, իրավունքների պատկանելության, օգտագործման և առևտրայնացման հետ կապված իրավական ռիսկերի գնահատում։
- Պայմանագրեր. Ծրագրային ապահովման մշակման, տեխնոլոգիական ծառայությունների մատուցման և լիցենզային պայմանագրերի մշակում և վերանայում, ինչպես նաև պայմանագրերում մտավոր սեփականության դրույթների մշակում և վերանայում։
- Հեղինակային իրավունք և ստեղծված աշխատանքների նկատմամբ իրավունքների կարգավորում. Խորհրդատվություն ծառայողական ստեղծագործության և կապալառուների կողմից ստեղծված աշխատանքների նկատմամբ իրավունքների պատկանելության, փոխանցման և օգտագործման պայմանների վերաբերյալ։
- Մտավոր սեփականության համապատասխանության ստուգում (Due Diligence). Մտավոր սեփականության օբյեկտների, դրանց նկատմամբ իրավունքների պատկանելության և հնարավոր իրավական ռիսկերի գնահատում՝ ներդրումների, միացումների և ձեռքբերումների և այլ գործարքների շրջանակում։
- Առևտրային գաղտնիքների պաշտպանություն. Գաղտնիության համաձայնագրերի կազմում և առևտրային գաղտնիքների պաշտպանության միջոցառումների վերաբերյալ խորհրդատվություն։
- Արհեստական բանականություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ. Արհեստական բանականության և տեղեկատվական տեխնոլոգիաների մշակման և կիրառման ընթացքում ծագող մտավոր սեփականության հարցերի վերաբերյալ խորհրդատվություն։
Մտավոր սեփականության վեճեր և խախտումներ. Իրավաբանական խորհրդատվություն մտավոր սեփականության առկա և հնարավոր խախտումների, վեճերի կանխարգելման և իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցների ընտրության ու կիրառման հարցերով։
Ապրանքային նշաններին առնչվող իրավաբանական ծառայությունները ներառում են.
- Ապրանքային նշանների նախնական որոնումների իրականացում,
- Խորհրդատվություն ապրանքային նշանի տարբերակիչ բնույթի և գրանցման հնարավորության վերաբերյալ,
- Ապրանքների և ծառայությունների համապատասխան դասերի ընտրության վերաբերյալ խորհրդատվություն՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության բնույթը և զարգացման ծրագրերը,
- Հայաստանում ապրանքային նշանի գրանցման հայտի նախապատրաստում, ներկայացում և ուղեկցում գրանցման գործընթացի բոլոր փուլերում,
- Ապրանքային նշանների միջազգային գրանցում՝ Մադրիդյան համակարգի միջոցով միջազգային հայտերի ներկայացում, և միջազգային գրանցման գործընթացի իրավական ուղեկցում,
- Իրավաբանական աջակցություն ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների հնարավոր խախտումների կանխարգելման և դրանց դեմ պաշտպանության հարցերում,
Խորհրդատվություն ապրանքային նշանների լիցենզիայի, փոխանցման և օգտագործման վերաբերյալ:
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է մտավոր սեփականությունը։
Մտավոր սեփականության օբյեկտներն են մտավոր գործունեության արդյունքները և քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները: Մտավոր սեփականության հիմնական կատեգորիաներն են՝ ապրանքային նշանները, հեղինակային իրավունքը, արտոնագրերը և առևտրային գաղտնիքը։
Արդյո՞ք Հայաստանում մտավոր սեփականության իրավական պաշտպանությունն ավտոմատ կերպով է գործում։
Հայաստանում մտավոր սեփականության իրավական պաշտպանության պայմանները կախված են մտավոր սեփականության օբյեկտի տեսակից։ Հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման պահից՝ առանց գրանցման անհրաժեշտության։ Մինչդեռ գյուտերի իրավական պաշտպանություն ստանալու համար անհրաժեշտ է անցնել օրենքով սահմանված արտոնագրային ընթացակարգը։ Ապրանքային նշանի իրավական պաշտպանությունը տրամադրվում է դրա գրանցման հիման վրա, կամ օրենքով նախատեսված պայմանների առկայության դեպքում՝ նաև այն հանրահայտ ճանաչելու միջոցով։ Մտավոր սեփականության այլ օբյեկտների պաշտպանության համար կարող են կիրառվել այլ իրավական պահանջներ։
Ինչպե՞ս գրանցել ապրանքային նշանը Հայաստանում։
Հայաստանում ապրանքային նշանի գրանցման գործընթացը ներառում է նշանի ընտրությունը, այն ապրանքների և ծառայությունների դասերի որոշումը, որոնց նկատմամբ նախատեսվում է իրավական պաշտպանություն ստանալ, ինչպես նաև նախնական որոնման իրականացումը՝ նույնական կամ շփոթելու աստիճան նման նշանների և գրանցման հնարավոր խոչընդոտների բացահայտման նպատակով։ Այնուհետև պատրաստվում և ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ է ներկայացվում հայտը, որն անցնում է օրենքով սահմանված փորձաքննության ընթացակարգերը։ Դրական արդյունքի դեպքում ապրանքային նշանը գրանցվում է սահմանված կարգով։ Նախնական որոնումը կարող է օգնել բացահայտել հնարավոր իրավական ռիսկերը, գնահատել նշանի գրանցման հեռանկարները և նվազեցնել հետագա վեճերի հավանականությունը։
Արդյո՞ք Հայաստանում ապրանքային նշանի գրանցումն ապահովում է ապրանքանիշի պաշտպանությունը միջազգային մակարդակով։
Ո՛չ։ Ապրանքային նշանի իրավական պաշտպանությունը տարածքային բնույթ ունի։ Հայաստանում ապրանքային նշանի գրանցումն ինքնին չի ապահովում դրա պաշտպանությունն այլ երկրներում։ Այլ երկրներում ապրանքային նշանի իրավական պաշտպանություն ստանալու համար անհրաժեշտ է դիտարկել համապատասխան երկրներում ազգային հայտեր ներկայացնելու կամ Մադրիդյան համակարգի միջոցով միջազգային գրանցման դիմելու հնարավորությունը՝ հաշվի առնելով տվյալ համակարգի կիրառելիությունը և յուրաքանչյուր երկրի իրավական պահանջները։
Ո՞ւմ է պատկանում աշխատողի կամ կապալառուի ստեղծած մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքները։
Աշխատողի կամ կապալառուի ստեղծած մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքների պատկանելությունը որոշվում է կիրառելի օրենսդրությամբ և համապատասխան պայմանագրային դրույթներով։ Իրավական հստակություն ապահովելու և հնարավոր վեճերը կանխելու նպատակով կարևոր է գրավոր պայմանագրերում հստակ սահմանել մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պատկանելությունը, դրանց փոխանցման կարգը, լիցենզավորման պայմանները և օգտագործման թույլատրելի շրջանակը։
Ինչո՞ւ է կարևոր մտավոր սեփականության իրավական համապատասխանության ստուգումը (due diligence)։
Մտավոր սեփականության իրավական համապատասխանության ստուգումն օգնում է հաստատել մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պատկանելությունը, բացահայտել պայմանագրային սահմանափակումները, գնահատել իրավունքների խախտման հնարավոր ռիսկերը, ինչպես նաև հասկանալ մտավոր սեփականության դերը նախատեսվող ներդրման կամ ձեռքբերման գործարքում։ Այն նաև օգնում է բացահայտել հնարավոր իրավական և առևտրային ռիսկերը, գնահատել դրանց ազդեցությունը գործարքի արժեքի և պայմանների վրա, ինչպես նաև բանակցել պայմանագրային համապատասխան երաշխիքների և պաշտպանության մեխանիզմների շուրջ՝ գործարքի կողմերի շահերը պաշտպանելու նպատակով։