Կորպորատիվ իրավունքը կարևոր նշանակություն ունի բիզնեսի հիմնադրման, արդյունավետ կառավարման և կայուն զարգացման բոլոր փուլերում։ Կորպորատիվ կառավարման համակարգի ձևավորումից մինչև բաժնետերերի միջև հարաբերությունների կարգավորում, բարդ գործարքների իրականացում, վերակազմակերպում և լուծարում՝ յուրաքանչյուր փուլ պահանջում է իրավական հարցերի համակողմանի գնահատում և պատշաճ կարգավորում։
Ընկերության գործունեության ընթացքում իրավական պահանջների պահպանումը, կորպորատիվ շահերի պաշտպանությունը և կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրումը կարևոր նախապայմաններ են իրավական ռիսկերի նվազեցման և երկարաժամկետ ռազմավարական նպատակների իրագործման համար։
Կորպորատիվ կառավարում և համապատասխանություն
Արդյունավետ կորպորատիվ կառավարումը կարևոր է ընկերության պատշաճ կառավարման, որոշումների կայացման և բաժնետերերի շահերի պաշտպանության համար։
Կորպորատիվ կառավարման համակարգը սահմանում է ընկերության կառավարման կառուցվածքը և մեխանիզմները՝ հստակեցնելով կառավարման մարմինների լիազորությունների և պատասխանատվության շրջանակը, բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները, կորպորատիվ որոշումների կայացման ընթացակարգերը, ինչպես նաև տնօրենների պարտականություններն ու պատասխանատվությունը։ Այն ներառում է նաև կորպորատիվ որոշումների պատշաճ ձևակերպումն ու փաստաթղթավորումը, բաժնետերերի ժողովների և խորհրդի նիստերի անցկացումն ու արձանագրումը, ներքին կանոնակարգերի և քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև կորպորատիվ փաստաթղթաշրջանառության կազմակերպումը։
Լավ մշակված կորպորատիվ կառավարման համակարգը նպաստում է ընկերության գործունեության թափանցիկությանը, կառավարման արդյունավետ վերահսկողությանը, իրավական ռիսկերի նվազեցմանը և գործող օրենսդրության պահանջներին համապատասխանության ապահովմանը։
Բաժնետիրական համաձայնագրեր
Բաժնետերերի միջև հստակ և համակողմանի պայմանագրային կարգավորումները կարևոր նշանակություն ունեն նրանց իրավունքների և պարտականությունների սահմանման, գործարար շահերի պաշտպանության և հնարավոր կորպորատիվ վեճերի կանխելու համար։ Բաժնետիրական համաձայնագրերը սահմանում են քվեարկության իրավունքների իրականացման կարգը, ընկերության կառավարմանը մասնակցությունը, բաժնետոմսերի օտարման սահմանափակումները, լուծարման հետ կապված այլ համաձայնեցված գործողություններ իրականացնելու պարտավորությունը:
Ընկերության սեփականության կառուցվածքի փոփոխությունները կարող են առաջանալ նոր ներդրումներից, բաժնետոմսերի փոխանցումներից, կանոնադրական կապիտալի ավելացումից կամ նվազեցումից, բաժնետերերի դուրս գալուց և այլ բիզնես զարգացումներից։ Նման փոփոխությունները պետք է համապատասխանաբար արտացոլվեն կորպորատիվ փաստաթղթերում և, անհրաժեշտության դեպքում, գրանցվեն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում։
Ֆիդուցիար պարտականություն
Ընկերության տնօրենները, տնօրենների խորհրդի անդամները և կոլեգիալ գործադիր մարմիններիանդամները պարտավոր են իրենց լիազորություններն իրականացնել և պարտականությունները կատարել՝ գործող իրավական պահանջներին համապատասխան՝ ելնելով ընկերության շահերից։ Ֆիդուցիար պարտականությունները ներառում են բարեխղճորեն գործելը, պատշաճ հոգատարություն ցուցաբերելը, շահերի բախումից խուսափելը և այն պատշաճ կերպով կառավարելը, ինչպես նաև իրենց պաշտոնեական դիրքը, լիազորությունները կամ կորպորատիվ տեղեկատվության հասանելիությունն անձնական ոչ իրավաչափ օգուտ ստանալու նպատակով չօգտագործելը։
Այս պարտականությունների խախտումը, օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, կարող է հանգեցնել տնօրենների և կառավարման մարմինների անդամների` ընկերությանը պատճառված վնասների հատուցման պարտավորության։
Կազմակերպության պարտավորությունների համար բաժնետերերի պատասխանատվությունը
Որպես ընդհանուր կանոն՝ բաժնետիրական ընկերության բաժնետերերը և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, և նրանց ռիսկը սահմանափակվում է ընկերության կանոնադրական կապիտալում իրենց ներդրումների չափով։ Այնուամենայնիվ, օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում կարող է անտեսվել ընկերության՝ որպես առանձին իրավաբանական անձի ինքնուրույնության սկզբունքը, և բաժնետերերը կարող են կրել պատասխանատվություն ընկերության պարտավորությունների համար։
Լուծարում
Իրավաբանական անձի լուծարումը իրավական գործընթաց է, որը ներառում է կորպորատիվ, ֆինանսական և վարչական հարցեր։ Այն պահանջում է օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանում, ինչպես նաև իրավաբանական անձի ակտիվների, պարտավորությունների, պարտատերերի պահանջների և չկատարված պարտավորությունների պատշաճ կարգավորում։ Կամավոր լուծարումը ներառում է կորպորատիվ որոշման ընդունում, լուծարային հանձնաժողովի կամ լուծարողի նշանակում, պարտատերերի ծանուցում, չկատարված պարտավորությունների մարում, ինչպես նաև իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։
Լուծարման գործընթացը կարող է ներառել նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող հարկային ստուգումներ։
Հիմնադրամի լուծարումը ենթակա է հատուկ իրավական պահանջների և իրականացվում է դատարանի վճռի հիման վրա։
Լուծարման և լուծարային գործընթացի ընթացքում պատշաճ պլանավորումը և իրավաբանական ուղեկցումն օգնում են ապահովել գործունեության կանոնակարգված դադարեցումը, օրենսդրական պահանջների կատարումը, ինչպես նաև բաժնետերերի, պարտատերերի, աշխատողների և այլ շահագրգիռ կողմերի օրինական շահերի պաշտպանությունը։
Կորպորատիվ իրավունքի առանձնահատկությունները օտարերկրյա ներդրողների համար
Հայաստանը հնարավորություններ է ընձեռում օտարերկրյա ներդրողներին՝ տեղական շուկայում գործարար գործունեություն սկսելու, գործող հայկական ընկերություններում մասնակցություն ձեռք բերելու և տարբեր ներդրումային գործարքներ իրականացնելու համար։ Ներդրումները կարող են իրականացվել դուստր ընկերությունների հիմնադրման, գործող ընկերությունների բաժնետոմսերի կամ բաժնեմասերի ձեռքբերման, մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների ստեղծման, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծման և այլ միջոցներով։
Հայաստանի շուկա մուտք գործող օտարերկրյա ներդրողները պետք է հաշվի առնեն մի շարք կորպորատիվ, իրավական և կարգավորող պահանջներ։ Դրանք ներառում են ընկերության կազմակերպաիրավական ձևի և կորպորատիվ կառուցվածքի ընտրությունը, կառավարման հետ կապված իրավական պահանջները, ներդրումների իրականացման կարգավորումները, պետական գրանցման ընթացակարգերը, հարկային պարտավորությունները և ոլորտային կարգավորումները։ Առանձնահատուկ նշանակություն ունի ներդրումային կառուցվածքի ճիշտ ընտրությունը, որը պետք է համապատասխանի ներդրողի գործարար նպատակներին՝ միաժամանակ հաշվի առնելով անդրսահմանային գործառնություններից բխող իրավական, կորպորատիվ և հարկային հետևանքները։
Միջազգային հարկային կարգավորումները նույնպես կարևոր դեր ունեն օտարերկրյա ներդրումների կառուցվածքի ձևավորման գործում։ Երբ ներդրումային կամ գործարար գործունեությունն ընդգրկում է մեկից ավելի պետությունների իրավազորություններ, անհրաժեշտ է գնահատել հարկային ռեզիդենտության, եկամտի հարկման, մշտական հաստատության առաջացման, կրկնակի հարկման և կիրառելի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերով նախատեսված արտոնությունների կիրառման հարցերը։ Իրավական և հարկային հարցերի համակողմանի իրավական գնահատումը հնարավորություն է տալիս ընտրել ներդրման նպատակներին համապատասխան կառուցվածք, արդյունավետորեն կառավարել անդրսահմանային ռիսկերը, ապահովել կորպորատիվ կառավարման և օրենսդրական պահանջների պահպանումը և ստեղծել Հայաստանում բիզնեսի հաջող մեկնարկի ու երկարաժամկետ զարգացման համար անհրաժեշտ իրավական հիմքեր։
Մեր կորպորատիվ իրավաբանական ծառայությունները
ԷլՈւայ իրավաբանական գրասենյակը տրամադրում է համապարփակ կորպորատիվ իրավաբանական ծառայություններ Հայաստանում տեղական և միջազգային բիզնեսներին, ներդրողներին և բաժնետերերին: Հայկական կորպորատիվ իրավունքի խորքային իմացությունը համադրելով միջազգային իրավական փորձի հետ՝ մենք առաջարկում ենք գործնական և բիզնեսի առևտրային նպատակներին միտված իրավական լուծումներ՝ հարմարեցված յուրաքանչյուր հաճախորդի առանձնահատուկ կարիքներին։ Մենք խորհուրդ ենք տալիս հաճախորդներին ընկերության գործունեության ողջ ընթացքում, ներառյալ.
- Կորպորատիվ համապատասխանության ստուգում (legal due diligence). կորպորատիվ համապատասխանության ստուգումը ներդրումների, ձեռքբերումների, վերակազմակերպման և այլ գործարար գործարքների նախապարտրաստման կարևոր մասն է: Մենք իրականացնում ենք կորպորատիվ փաստաթղթերի, բաժնետերերի իրավունքների, ղեկավարների նշանակումների, կորպորատիվ հաստատումների, պայմանագրային պարտավորությունների, և այլ համապատասխան իրավական ասպեկտների իրավական ստուգումներ: Ստուգման արդյքունքում մեր բացահայտած իրավական ռիսկերն ու առաջարկներն հաճախորդներին հնարավորություն են տալիս գնահատելու գործարքի իրավական կողմերը, կայացնելու տեղեկացված որոշումներ և նախապես ձեռնարկելու ռիսկերի նվազեցման անհրաժեշտ միջոցները:
- Կորպորատիվ փոփոխություններ. Ընկերության կառավարման կամ կանոնադրական կապիտալի փոփոխությունները հաճախ պահանջում են կորպորատիվ որոշումների ընդունում, հիմնադիր փաստաթղթերի փոփոխություն և պետական գրանցում։ Մենք տրամադրում ենք իրավաբանական աջակցություն կանոնադրության փոփոխությունների, տնօրենների և կառավարման մարմինների կազմի փոփոխության, բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխանցման, կանոնադրական կապիտալի ավելացման կամ նվազեցման, բաժնետերերի կամ մասնակիցների կազմի փոփոխության, բաժնետոմսերի համախմբման և այլ կորպորատիվ գործընթացների իրականացման հարցերում։
- Ընթացիկ կորպորատիվ իրավական աջակցություն. Մենք տրամադրում ենք շարունակական կորպորատիվ իրավական աջակցություն այն ընկերություններին, որոնք իրենց ամենօրյա գործունեության և զարգացման ընթացքում առնչվում են կառավարման, կորպորատիվ որոշումների կայացման և բաժնետերերի հետ հարաբերությունների հետ կապված իրավական հարցերի։ Մեր ծառայությունները ներառում են կորպորատիվ կառավարման վերաբերյալ խորհրդատվությունը, կորպորատիվ փաստաթղթերի և որոշումների պատրաստումն ու վերանայումը, բաժնետերերի և կառավարման մարմինների ժողովների կազմակերպումն ու արձանագրումը, կորպորատիվ հաստատումների ստացումը, ինչպես նաև օրենսդրական պահանջներին համապատասխանության ապահովումը։
- Ֆիդուցիար պարտավորություն և բաժնետերերի պատասխանատվություն. Մենք խորհրդատվություն ենք տրամադրում ընկերություններին, բաժնետերերին, տնօրեններին և ներդրողներին տնօրենների և ղեկավարների ֆիդուցիար պատավորության և բաժնետերերի պատասխանատվության սահմանափակման սկզբունքների վերաբերյալ: Մեր ծառայությունները ներառում են տնօրենների պարտականությունների խախտման, շահերի բախման, կորպորատիվ ոչ պատշաճ կառավարման հետևանքով առաջացող հնարավոր իրավական պատասխանատվության գնահատումը: Մենք նաև խորհրդատվություն ենք տրամադրում ընկերության պարտավորությունների համար բաժնետերերի պատասխանատվության հարցերով՝ ներկայացնելով այն իրավական հիմքերն ու բացառիկ հանգամանքները, որոնց առկայության դեպքում բաժնետերերը կարող են կրել պատասխանատվություն ընկերության պարտավորությունների համար։
- Կազմակերպությունների լուծարում. Մենք իրավաբանական խորհրդատվություն ենք տրամադրում կազմակերպություններին և դրանց բաժնետերերին լուծարման գործընթացի բոլոր փուլերում, ներառյալ կորպորատիվ որոշումների պատրաստումը, լուծարողների նշանակումը, պարտատերերի ծանուցումը, չկատարված պարտավորությունների մարումը և պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումն ու ներկայացումը։
- Կորպորատիվ իրավաբանական ծառայություններ միջազգային բիզնեսների և օտարերկրյա ներդրողների համար. Մենք խորհուրդ ենք տալիս միջազգային բիզնեսին, օտարերկրյա ներդրողներին և բազմազգ կազմակերպություններին Հայաստանում բիզնես գործունեություն սկսելու և իրականացնելու վերաբերյալ: Մեր ծառայությունները ներառում են ընկերության ստեղծումը, ներդրումների կառուցվածքը, կորպորատիվ կառավարումը, բաժնետերերի միջև հարաբերությունների կարգավորումը և անդրսահմանային կորպորատիվ գործարքները: Մենք նաև աջակցում ենք հաճախորդներին միջազգային բիզնես գործունեությունից բխող իրավական և հարկային հետևանքների գնահատման հարցում՝ ներառյալ կրկնակի հարկման բացառման մասին կիրառելի միջազգային պայմանագրերի, հարկային պարտավորությունների և անդրսահմանային գործունեության այլ իրավական առանձնահատկությունների վերլուծությունը։ Հայաստանի օրենսդրության և միջազգային գործարար միջավայրի մեր իմացությունը համադրելով՝ օգնում ենք հաճախորդներին կողմնորոշվել տեղական իրավակարգավորման դաշտում և համակարգել իրավական պահանջները տարբեր իրավազորություններում։
Կորպորատիվ իրավական հարցերը հաճախ ներառում են փոխկապակցված իրավական, կարգավորող և առևտրային նկատառումներ: ԷլՈւայ իրավաբանական գրասենյակում առանցքային են.
- Միջազգային փորձառությունը. խորհրդատվություն ներքին և անդրսահմանային կորպորատիվ հարցերի և բարդ գործարքների վերաբերյալ:
- Գործարքների իրականացման փորձը. բազմամիլիոն դոլար արժողությամբ միացումների և ձեռքբերումների և բարդ կորպորատիվ գործարքների իրավական սպասարկման հարուստ փորձ:
- Բիզնեսի կարիքներին միտված խորհրդատվությունը. գործնական իրավական լուծումների տրամադրում՝ հաշվի առնելով հաճախորդների առևտրային շահերը և ռազմավարական նպատակները։
- Անհատականացված մոտեցումը. Յուրաքանչյուր հաճախորդի կորպորատիվ կառուցվածքին, բիզնես մոդելին և առանձնահատուկ կարիքներին համապատասխան իրավական ռազմավարությունների մշակում։
Հաճախ տրվող հարցեր
1. Կարո՞ղ են օտարերկրյա ֆիզիկական անձինք և ընկերությունները կազմակերպություն հիմնել Հայաստանում կամ ձեռք բերել բաժնետոմսեր/բաժնեմասեր հայկական ընկերությունում։
Այո։ Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, որպես կանոն, կարող են Հայաստանում հիմնել ընկերություններ, այդ թվում՝ ամբողջությամբ օտարերկրյա կապիտալով, կամ ձեռք բերել բաժնետոմսեր/բաժնեմասեր արդեն գործող հայկական ընկերություններում։ Օտարերկրյա ներդրումների իրականացման համար, որպես կանոն, տեղական բաժնետիրոջ առկայությունը պարտադիր չէ։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ գործունեության ոլորտի նկատմամբ կիրառելի օրենսդրական պահանջներն ու հնարավոր սահմանափակումները։
2. Որո՞նք են հայկական ընկերության բաժնետերերի հիմնական իրավունքներն ու պարտականությունները։
Բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընկերության հիմնադիր փաստաթղթերով և բաժնետիրական համաձայնագրով։ Կախված ընկերության կազմակերպաիրավական ձևից՝ դրանք կարող են ներառել ընկերության կառավարմանը մասնակցելու, ընդհանուր ժողովներում քվեարկելու, շահույթից շահաբաժիններ ստանալու, ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքները, ինչպես նաև կանոնադրական կապիտալում ներդրումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադիր փաստաթղթերով և բաժնետիրական համաձայնագրով նախատեսված այլ պարտավորությունները կատարելու պարտականությունները։
3. Որո՞նք են ընկերության տնօրենների հիմնական պարտականությունները Հայաստանում։
Ընկերության տնօրենն իրականացնում է ընկերության ընթացիկ գործունեության կառավարումը և ներկայացնում ընկերությունը՝ գործելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ընկերության հիմնադիր փաստաթղթերի համաձայն։ Տնօրենը պարտավոր է գործել բարեխղճորեն՝ հաշվի առնելով ընկերության շահերը։ Որոշակի հանգամանքներում տնօրենները կարող են պատասխանատվություն կրել իրենց պարտականությունների խախտման համար։
4. Արդյո՞ք հայկական ընկերությունները պարտավոր են անցկացնել մասնակիցների կամ բաժնետերերի ընդհանուր ժողովներ և փաստաթղթավորել կորպորատիվ որոշումները։
Այո։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը սահմանում է ընկերության կառավարման մարմինների որոշումների ընդունման, ընդհանուր ժողովների անցկացման և կորպորատիվ որոշումների պատշաճ փաստաթղթավորման պահանջներ։ Կիրառելի ընթացակարգերը և պահանջները կախված են ընկերության կազմակերպաիրավական ձևից, կառավարման կառուցվածքից և հիմնադիր փաստաթղթերից։ Կորպորատիվ փաստաթղթերի պատշաճ վարումը կարևոր նշանակություն ունի օրենսդրության պահանջների պահպանման, կորպորատիվ թափանցիկության և արդյունավետ կառավարման ապահովման համար։
5. Կարո՞ղ է հայկական ընկերությունը վերակազմակերպվել։
Այո։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է ընկերությունների վերակազմակերպման հետևյալ ձևերը՝ միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում և վերակազմավորում։ Վերակազմակերպման յուրաքանչյուր ձև ենթադրում է համապատասխան կորպորատիվ որոշումների ընդունում, օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանում, պարտատերերի իրավունքների պաշտպանության ապահովում և պետական գրանցման իրականացում։ Վերակազմակերպման ձևի ընտրությունը պետք է պայմանավորված լինի ընկերության բիզնես նպատակներով և նախատեսվող գործարքի իրավական ու տնտեսական հետևանքներով։
6. Ինչպե՞ս կարելի է լուծարել ընկերությունը Հայաստանում։
Ընկերությունը կարող է կամավոր լուծարվել` ընկերության իրավասու մարմնի որոշմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերով և կարգով։ Կամավոր լուծարումը, որպես կանոն, ներառում է լուծարման մասին որոշման ընդունում, լուծարողի (լուծարման հանձնաժողովի) նշանակում, պարտատերերին ծանուցում, չվճարված պարտավորությունների կարգավորում, մնացած ակտիվների բաշխում գործող օրենսդրությանը համապատասխան և լուծարման պետական գրանցում։