2025 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունը ընդունեց N 1765-Ն որոշումը`սահմանելով զբոսաշրջային ավտոբուսների որակավորման նոր իրավական կարգավորումներ։ Նոր կարգավորումները նպատակ ունեն բարձրացնել զբոսաշրջային փոխադրումների անվտանգությունը, ծառայությունների որակը, ինչպես նաև ոլորտը համապատասխանեցնել միջազգային չափանիշերին։

Որոշման հիմնական դրույթներն ուժի մեջ են մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից:Արդեն շահագործվող զբոսաշրջային ավտոբուսները պետք է առաջին անգամ որակավորում անցնեն մինչև 2027 թվականի ապրիլի 1-ը:

Զբոսաշրջային ավտոբուսների որակավորումն իրականացնում է Զբոսաշրջության կոմիտեն, հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա։

Հանձնաժողովը ներառում է ներկայացուցիչներ՝

  • Զբոսաշրջության կոմիտեից,
  • ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունից,
  • ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից,
  • ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից,
  • զբոսաշրջային ծառայություններ մատուցողների միավորումներից, և
  • սպառողների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից:

Որակավորում ստանալու համար փոխադրողները պետք է էլեկտրոնային եղանակով հայտ ներկայացնեն tourism.gov.am հարթակի միջոցով։ Հայտը ներառում է դիմողի անհատականացման տվյալները, ավտոբուսի տեխնիկական բնութագրերը, երթուղին, վերջին տեխնիկական զննության տվյալները:

Հայտին կցվում են.

  • իրավաբանական անձանց պետական ռեգիստրից էլեկտրոնային քաղվածք (ստացված հայտը ներկայացնելուց ոչ ավելի քան յոթ օր առաջ),
  • ավտոբուսի տեխնիկական անձնագրի պատճեն,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը,
  • հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման հարմարեցման փաստաթղթեր (եթե առկա է):

Զբոսաշրջության կոմիտեն երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտը և որոշում կայացնում հայտը ընդունելու կամ մերժելու մասին։ Ոչ էական թերությունների դեպքում հայտատուին տրվում է հինգ աշխատանքային օր՝ դրանք շտկելու համար։

Հանձնաժողովը իրականացնում է գնահատում, ներառյալ ավտոբուսի և արտաքին և ներքին զննում՝ ինչպես կայանած, այնպես էլ շարժման ընթացքում։

Դրական եզրակացության դեպքում որակավորման վկայականը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով։

Վկայականի ժամկետը կախված է ավտոբուսի թողարկման տարեթվից՝

  • մինչև 10 տարվա արտադրության ավտոբուսներ՝ 3 տարի
  • 11–15 տարվա արտադրության՝ 2 տարի
  • 15 և ավելի տարվա արտադրության՝ 1 տարի:

Եթե վկայականը տրամադրվում է մեկ տարուց ավելի ժամկետով, ապա հաջորդ տարիների համար անհրաժեշտ է վճարել տարեկան պետական տուրք։

2030 թ. հունվարի 1-ից՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված լինելը դառնում է պարտադիր որակավորման պայման։

2033 թ. հունվարի 1-ից՝ 30 և ավելի տարի առաջ թողարկված ավտոբուսները չեն կարող շահագործվել զբոսաշրջիկների տեղափոխման համար։

2035 թ. հունվարի 1-ից՝ զբոսաշրջային ուղևորափոխադրումների համար չեն կարող օգտագործվել 20 և ավելի տարի առաջ թողարկված ավտոբուսները։

Որակավորման վկայականի գործողությունը կասեցվում է, եթե չի վճարվել պետական տուրքը: Վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե՝

  • ավտոբուսը ճանաչվում է տեխնիկապես անսարք,
  • լրացուցիչ գնահատման արդյունքում տրվում է բացասական եզրակացություն,
  • ավտոբուսը շահագործվում է առանց պարտադիր ապահովագրության:

Նոր իրավակարգավորումները պահանջում են նախապես պլանավորում, տեխնիկական վերազինում և շարունակական համապատասխանություն։ Ժամկետները բաց թողնելը կամ պահանջները չկատարելը կարող է հանգեցնել գործունեության կասեցման կամ դադարեցման, ֆինանսական կորուստների կամ վարչական պատասխանատվության։

ԷլՈւայ իրավաբանական գրասենյակը տրամադրում է իրավաբանական աջակցություն զբոսաշրջային փոխադրողներին, այդ թվում՝

  • որակավորման գործընթացի իրավական ուղեկցում,
  • փաստաթղթերի նախապատրաստում և ստուգում,
  • ներկայացուցչություն որակավորման վկայականների մերժման, կասեցման կամ դադարեցման դեպքերում,
  • զբոսաշրջային օրենսդրության համապատասխանության ստուգում: