Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման նախագծով ներդրվում է պետություն–մասնավոր գործընկերության ծրագիր, որով ֆիզիկական անձանց կտրամադրվի հետվճար՝ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգով և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների համակարգով իրականացվող անկանխիկ գործարքների դիմաց։
Ծրագրի նպատակն է խթանել անկանխիկ վճարումների կիրառումը և բարձրացնել ֆինանսական տեխնոլոգիաների նկատմամբ հանրության իրազեկվածությունը՝ միաժամանակ խրախուսելով ԱՐՔԱ վճարային գործիքների օգտագործումը։
Հետվճարի հաշվարկման ժամանակահատվածն է 2026 թ. հունվարի 1-ից մեինը դեկտեմբերի 31-ը։ Հետվճարների վճարումները կիրականացվեն 2026 թ. փետրվարից մինչև 2027 թ. Հունվար ամիսը։
Ծրագրից կարող է օգտվել յուրաքանչյուր ֆիզիկական անձը, ով.
- ունի ՀՀ բանկում բացված հաշվին կցված ԱՐՔԱ վճարային քարտ, կամ կատարում է անկանխիկ վճարումներ ԱՐՔԱՓԵՅ,
- համակարգի միջոցով (QR կոդերով), և ունի ՀՀ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք։
Հետվճարի պայմաններն ու սահմանափակումներն են.
- Հետվճարի չափը կազմում է ամսական անկանխիկ վճարումների 2%, սակայն ոչ ավել քան 60 000 ՀՀ դրամը։ Եթե վճարումները կատարվել են մի քանի ԱՐՔԱ քարտերով կամ QR կոդերով, սահմանաչափը կիրառվում է տվյալ ամսվա ընթացքում կատարված վճարումների հանրագումարի նկատմամբ։
- Հետվճարը տրամադրվում է միայն 1000 դրամը գերազանցող գործարքների համար։
- Մեկ գործարքից վճարվող առավելագույն հետվճարը 6000 ՀՀ դրամ է։
Հետվճարի գումարի 1%-ը տրամադրվում է պետական բյուջից և 1%-ը «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի միջոցներից: Պետության կողմից տրամադրվող մասը ներառում է նաև եկամտային հարկը՝ ապահովելով, որ շահառուն ստանա զուտ հետվճար։
Հետվճար չի տրամադրվի՝
- կոմունալ, կապի և տեղեկատվական ծառայությունների վճարման համար,
- պետական և համայնքային բյուջեների վճարների համար,
- բարձր ռիսկային վաճառակետերում իրականացվող գործարքների համար (օր.՝ ծանոթությունների կայքեր, խաղատներ, ազարտային խաղեր և այլն),
- ֆինանսական կազմակերպությունների ծառայությունների դիմաց վճարների համար,
- ԱՐՔԱ նվեր կամ մեկանգամյա քարտերով վճարումների համար,
- ստացված հետվերադարձի, փոխհատուցման և հետգանձումների համար։