Շրջանառվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով սահմանում է կադաստրային քարտեզներում անշարժ գույքի սխալների ուղղման նոր և ավելի հստակ կարգավորումներ:

Կարգավորվում է այն դեպքերը, երբ գրանցված տվյալները չեն համապատասխանում գույքի փաստացի իրավիճակին կամ հիմք հանդիսացած փաստաթղթերին։ Սխալները կարող են վերաբերել գծային չափերին, մակերեսի և երկրաչափական տեսքին, սահմանների տեղադրությանը, գույքի նպատակային նշանակությանը կամ սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկատվությանը։

Սխալների ուղղումը կարող է նախաձեռնել սեփականատերը կամ իրավատերը՝ չափագրողի միջոցով, ով ներկայացնում է դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր, ներառյալ չափագրման փաթեթ և իրադրության հատակագիծ՝ համադրված օրթոֆոտոլուսանկարների հետ և արձանագրությունները։

Չափագրման գործընթացում սահմանված է պարտադիր ծանուցման պահանջ՝ բոլոր հարակից սեփականատերերի և իրավատերերի համար։

ՀՀ Կադաստրի կոմիտեն իրականացնում է վարչական վարույթ և ընդունում է եզրափակիչ վարչական ակտ, որը հիմք է հանդիսանում գույքի նկատմամբ պետական գրանցման տվյալներում, և/կամ կադաստրային քարտեզում համապատասխան ուղղումներ կատարելու կամ չկատարելու համար։

Այս օրենսդրական լրացումը կարևոր է գույքային տվյալների ճշգրտության, սեփականության իրավունքների պաշտպանության և վեճերի կանխարգելման տեսանկյունից։