Առաջարկվում է Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնք առնչվում են կողակցի սեփականության իրավունքին և հետադարձ հիփոթեքի (reverse mortgage) կարգավորմանը՝ որպես նոր իրավական ինստիտուտ։
Հետադարձ հիփոթեքը հնարավորություն է ընձեռում բնակարանի, տան կամ այգետնակի սեփականատերերին, ովքեր հասել են կենսաթոշակային տարիքին, պահպանել սեփականության և օգտագործման իրենց իրավունքները՝ միաժամանակ ստանալով պարբերական դրամական վճարումներ իրենց անշարժ գույքի հաշվին։ Հետադարձ հիփոթեքի պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում գրավատուն պարտավոր է բնակվել պայմանագրի առարկա հանդիսացող՝ բնակարանում, բնակելի տանը կամ այգետնակում:
Այսպիսով, ներդրվում է այնպիսի մեխանիզմ, որը մի կողմից պաշտպանում է տարեց քաղաքացիների գույքային իրավունքները, իսկ մյուս կողմից՝ ապահովում է ֆինանսական կայունության նոր միջոց։
Ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ ամուսինների համատեղ դիմումի հիման վրա գրանցվում է կողակցի սեփականության իրավունքը: Ամուսիններից մեկի մահվան դեպքում կենդանի մնացած ամուսինը շարունակում է պահպանել սեփականության իր իրավունքը մինչև իր մահը՝ առանց գույքը ժառանգական զանգվածի մեջ ներառելու։
Այս փոփոխությունները զարգացնում են ՀՀ քաղաքացիական իրավունքի համակարգը՝ ներդնելով միջազգային պրակտիկայում կիրառվող ժամանակակից մեխանիզմներ։
📍Էլ Ուայ իրավաբանական գրասենյակում մենք հետևում ենք օրենսդրական փոփոխություններին՝ աջակցելու նոր իրավական կարգավորումների արդյունավետ կիրառմանը։